
Ծիծեռնակները, արագիլները և օձերը սահմանների ու սահմանափակումների մասին չեն մտածում :(:
Աշխատարան Մարին Ֆրոլիժեի հետ
www.marinefroeliger.fr
@marine_froeliger
Վայրը՝ գյուղ Արաքս, Արմավիրի մարզ
Ամսաթիվ ՝ Սեպտեմբերի 19-21
Մասնակցությունն անվճար է
Գիշերակացն ապահովում է ծրագիրը
Տեղափոխման և օրապահիկի ծախսերը հոգում է Ակադեմիան
Լեզուն՝ անգլերեն
ՀԳՊԱ-ից ընտրվելու է 2-3 ուսանող
Սիրելի ՀԳՊԱ ուսանողներ,
Հրավիրում ենք մասնակցելու եռօրյա աշխատարանի՝ սեպտեմբերի 19-21-ը, որն անցկացվելու է
Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս գյուղում, Մարին Ֆրոլիժեի (Marine Froeliger) հետ։
Սահմանները պատնեշում են մարդկանց գիտակցությունը, սահմանափակում ազատ տեղաշարժն ու հաղորդակցությունը, սակայն պետությունների միջև գոյություն ունեցող սահմանների գաղափարն անհաղորդ է թռչուններին և սողուններին։ Աշխատարանը նպատակ ունի ուսումնասիրել սահմանամերձ այս գոտում բնության ձայները, լսել և ձայնագրել թռչուններին ու այլ կենդանատեսակներին ձայնագրման տարբեր սարքերի միջոցով։
Մասնակիցները կհանդիպեն նաև տեղաբնակների հետ և հարցազրույցներով կփորձեն հասկանալ նրանց ընկալումն ու կապը հողի և Արարատի հետ՝ նրանց համայնապատկերում այս կարևոր խորհրդանիշի: Ձայնագրման աշխատանքները հնարավորություն կտան կիսվել փորձառություններով և մասնակցել Մարին Ֆրոլիժեի վիդեո-ձայնային ինստալացիայի նախագծին: Երեք օրվա ընթացքում մասնակիցները կարող են փորձարկել նաև իրենց հետաքրքրող մեդիաները՝ վիդեո, գծանկար, ձայն և այլն (կարող են իրենց հետ վերցնել նաև իրենց սարքավորումները և համակարգիչը): Աշխատարանի ավարտին տեղի կունենա ցուցադրություն և քննարկում, որի ընթացքում մասնակիցները կկիսվեն համատեղ փորձառություններով:
Ով է Մարին Ֆրոլիժեն՝
Մարին Ֆրոլիժեն (ծնվ. 1987 թ.) մուլտիմեդիա արվեստագետ է և դասախոս, ստեղծագործում և
աշխատում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Բարձրագույն արվեստի դպրոցում (HEAR), որտեղ նաև մշակել է միջդիսցիպլինար դասընթաց՝ «կիսելով ուշադրություններ» խորագրով, ինչպես նաև հիմնել է ֆեմինիստական քննարկումների հարթակ։
Նրա աշխատանքները ներկայացվել են տարբեր միջազգային արվեստային միջավայրերում՝ Հայաստանում, Մարոկկոյում, Պաղեստինում, Լյուքսեմբուրգում, Չինաստանում և Ֆրանսիայում։ Նա արժանացել է մի շարք մրցանակների, ուշադրություն է դարձնում ձայնային էկոլոգիային, դաշտային
ուսումնասիրություններին և համագործակցային գործընթացներին։
Ինչպես դիմել:
Ուղարկեք ձեր ստեղծագործությունների պորտֆոլիոն, մոտիվացիոն նամակ և
անձնագրի պատճենը՝ international_dep@safa.am էլ-հասցեին մինչև
սեպտեմբերի 10-ը:
Աշխատարանը համագործակցային է և ընթանալու է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ համատեղ։